
Այս տարի ևս «Այբ» դպրոցում տեղի ունեցավ յուրահատուկ և սպասված ջերմ հանդիպումներից մեկը. շրջանավարտների հետ հանդիպումը վերածվեց ոչ միայն հիշողություններով լի միջոցառման, այլև ոգեշնչող փորձառության` աշակերտների համար։
Դահլիճում հերթով ելույթ ունեցան տարբեր տարիների շրջանավարտներ՝ ներկայացնելով իրենց ընտրած մասնագիտությունները, սովորելու վայրերը և անցած ճանապարհից տպավորությունները։ Լսեցինք համակարգչային գիտության, իրավաբանության, ֆիլմարտադրության, բժշկության, ճարտարապետության, ինժեներիայի և բազմաթիվ այլ ոլորտների մասին՝ հենց գործող մասնագետներից։ Յուրաքանչյուր պատմություն ուներ իր յուրահատկությունը՝ կասկածներ, սխալներ, հաղթանակներ և կարևոր ընտրություններ, որոնք դարձան կյանքի կարևորագույն փուլում գտնվող ավագ դպրոցականների համար շատ իրական, հասանելի և հուսադրող օրինակներ։ Իրենց փորձն աշակերտների հետ կիսեցին նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, որոնք մեր ուսուցիչների հետ մոտ 1 ամիս շարունակ դասավանդում են կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:
Մթնոլորտը դահլիճում չափազանց ընկերական էր. հարցերն ու ժպիտները չէին դադարում, իսկ որոշ պատմություններ նույնիսկ հուզեցին լսարանին։ Սակայն հանդիպումը դրանով չավարտվեց։
Ելույթներից հետո բոլորս տեղափոխվեցինք սեղանատուն, որտեղ արդեն «աշակերտ–շրջանավարտ զրույց» ձևաչափով սկսվեցին անհատական քննարկումները։ Այստեղ յուրաքանչյուրը կարող էր մոտենալ իրեն հետաքրքրող ոլորտի ներկայացուցչին, տալ կոնկրետ հարցեր, լսել անկեղծ պատասխաններ ու ստանալ ուղղորդում իր ապագա ընտրությունների համար։
Շրջանավարտների հետ հանդիպումը ճակատագրական է դառնում ավագ դպրոցի՝ կյանքի նոր փուլ շտապող աշակերտների համար թե՛ նոր կապերի, թե՛ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից։
Էմմի Հովհաննիսյան
12-րդ դասարան