6-րդ «Ծրագրավորման ժամ» միջոցառումն «Այբ» դպրոցում

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ ու գործակցությամբ` դեկտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում արդեն 6-րդ տարին անընդմեջ կկայանա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման նպատակն է մասնակից դպրոցականներին ծանոթացնել ծրագրավորողի աշխատանքին, նրանց համար բացահայտել ծրագրավորման տրամաբանությունը և թե ինչ է «ծրագրավորման կոդը», ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Միջոցառման մի քանի ժամվա ընթացքում մասնակիցներն աշխատում են իրենց կցված մենտորների հետ, ովքեր ներկայացնում են հայաստանյան լավագույն ՏՏ ընկերությունները։

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրից: Հայաստանում զգալիորեն մեծանում է դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ, և այս միջոցառմանը սպասում են հարյուրավոր աշակերտներ։ 2018 թ․-ին «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը Հայաստանում մասնակցել է 5-18 տարեկան 500-ից ավելի պատանի: Մասնակիցներից շատերի համար միջոցառումն առաջին քայլն էր ծրագրավորման ոլորտում, և ներկայումս նրանք արդեն ավելի խորացված են ուսումնասիրում ծրագրավորման տարբեր լեզուները։

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և ցանկանում են բացահայտել, թե ինչ է ծրագրավորումը։ Մասնակցության համար ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը լրացնել դիմում-հայտը` https://bit.ly/2WMABNg։

«Ցանկացած երեխա, անկախ այն բանից, թե որ ոլորտում է ուզում մասնագիտանալ, պետք է ինչ-որ չափով սովորի ծրագրավորում, որպեսզի պատրաստ լինի դիմակայել 21-րդ դարի կարիերայի մարտահրավերներին։ Դպրոցական տարիներն ամենալավ ժամանակն են ծրագրավորում սովորելու համար, և այդ նպատակով ամեն տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք այն հասանելի դարձնել բազմաթիվ դպրոցականներին Հայաստանի տարբեր համայնքներից»,- ասում է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Ծրագրավորումն այսօր դադարել է ինչ-որ արտասովոր կամ քչերի համար հասանելի բան լինելուց։ Ծրագրավորման լեզվին ծանոթ լինելը շուտով նույնքան կարևոր կլինի, որքան օտար լեզու իմանալը։ Դա կլինի օրվա հրամայականն ու աշխատանք գտնելու գլխավոր առհավատչյան։ Եվ «Այբ» դպրոցը, ստանձնելով պատասխանատվություն ու իրականացնելով սերունդներ կրթելու առաքելություն, չի կարող անմասն մնալ այս հարցում։ Մենք, համագործակցելով «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հետ, մեր երեխաներին հնարավորություն ենք ընձեռում մուտք գործելու այս հետաքրքիր ու բազում բացահայտումներով լի աշխարհը և, հուսով ենք, սիրելու այն»,- ընդգծում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Միջոցառման գործընկերն է «Յուքոմ» ընկերությունը, որը միջոցառման ընթացքում կապահովի ինտերնետ կապով։ Մասնակիցների գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Պաշտոնական հաշթագն է #HourofCodeEVN19:

Tweets by AybSchool
>