«Թաքնված գանձերը»՝ մեծ էկրանին

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում «Թաքնված գանձեր» կինոշարքն արդեն երկու տարի զբաղվում է հայկական մշակութային արժեքների ներկայացմամբ։ Աշակերտները Film Factory ակումբի ղեկավարներ Նարեկ Վան Աշուղաթոյանի և Արուսիկ Զախարյանի գլխավորությամբ ուսումնասիրել են Հայաստանում ծնունդ առած ավանդույթներն ու առանձնահատկությունները, մշակույթի տարբեր ճյուղերը, որտեղից էլ ծնվել են ֆիլմ նկարելու գաղափարները։ Այս տարի «Թաքնված գանձերի» 4 ֆիլմերը՝ «Վիշապագորգ. բոլոր ժամանակների հերոսը», «Ավանի տաճար. հաղթելով ժամանակին», «Հախճապակե հիշողություն» և «Գաթանախշ. կյանք` խմորի վրա», ներառվել են «Ռոլան» մանկապատանեկան 14-րդ փառատոնի ծրագրում։ Ֆիլմերի շնորհանդեսը կայացել է 2018 թվականի մայիսին, ինչից հետո «Այբ» դպրոցի նախագիծը փառատոնի կողմից հրավեր է ստացել՝ ներառվելու ծրագրում։

Փառատոնը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ից 10-ը։ Այն այս տարի անցկացվեց «Ռոլան» և Վիշեգրադի կինոփառատոնների միջև՝ միտում ունենալով ուժեղացնելու միջմշակութային կապը։ Չորս օրվա ընթացքում փառատոնը հասցրեց մեծ ոգևորություն առաջացնել մարդկանց, հատկապես՝ «Այբ» դպրոցի աշակերտների շրջանում։ «Թաքնված գանձեր» կինոշարքը ցուցադրվեց Կինոյի տան մեծ դահլիճում։ Աշակերտներն ունեցան նաև ֆիլմի նախապատմությունն ու նկարահանման ժամանակ հանդիպող դժվարությունները ներկայացնող զրույց հանդիսատեսների հետ։

Հատկանշական է, որ ֆիլմաշարը շատ էր դուր եկել փառատոնի փոքրիկ հանդիսատեսներին, և յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությանը հաջորդում էին բուռն ծափահարություններ։ Իսկ վերջում հանդիսատեսներից շատերը մոտենում էին ֆիլմի հեղինակ աշակերտներին ու շնորհակալություն հայտնում նման արժեքավոր աշխատանքի համար։

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Այնտեղ ամփոփվեցին «Ռոլան» մանկապատանեկան 14-րդ փառատոնի գործունեությունը, ձեռքբերումները և ներկայացվեցին բոլոր նորությունները։

Հայտարարվեցին հաղթողները, եղան նաև շնորհակալագրեր։ Առաջինը բեմ հրավիրվեց հենց «Այբ» դպրոցի թիմը՝ ղեկավար Արուսիկ Զախարյանի գլխավորությամբ, և փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի կողմից ստացավ շնորհակալագիր։ Փառատոնի այս տարվա հաղթող ֆիլմը Ժաննա Բեխմամբետովայի «Tweet Tweet» անիմացիան է, որտեղ ներկայացված է մի աղջկա՝ Լյուբայի կյանքը՝ իր բոլոր դժվարություններով։ Ֆիլմում Լյուբային նրա կյանքի ողջ ընթացքում ուղեկցում է մի փոքրիկ թռչուն. սրա միջոցով հեղինակը ցույց է տվել մարդու՝ կամքի ուժ ունենալու կարողությունն ու դրա կարևորությունը։

Անսահման հպարտությամբ «Այբ»-ը հեռացավ կինոթատրոնի դահլիճից՝ իր հետ տանելով ջերմագին տպավորություններ և ձգտում՝ մյուս փառատոնին է՛լ ավելի կատարելագործվելու և զգալի արդյունքներ տալու։

Մարիամ Մելքումյան

(12-րդ դասարան)

Tweets by AybSchool
>