Փորձի փոխանակում ու նոր համագործակցություններ․ Մոսկվայի դպրոցների տնօրենները «Այբ»-ում

Նոյեմբերի 20-ին «Այբ» դպրոց էին այցելել Մոսկվայի շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Նատալյա Գոլովյոնկինան, կրթության կազմակերպման և զարգացման ոլորտի փորձագետներ և աշխատակիցներ, մոսկովյան 14 դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։

Հյուրերը ցանկանում էին ծանոթանալ Հայաստանում կրթության զարգացմանը, համեմատել Ռուսաստանում ընթացող գործընթացների հետ և հաղորդակցվել հայկական կրթության առանձնահատկություններին: Այցը հետապնդում էր նաև փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակ։

«Այբ» դպրոցի գործառնական գծով տնօրեն Դավիթ Սահակյանի և ակադեմիական գծով տնօրեն Մերի Հովսեփյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դպրոցում, եղան բոլոր մասնաշենքերում ու ֆաբլաբում։ Նրանք տպավորված էին լավագույն կրթություն ստանալու համար ստեղծված պայմաններով և ուղղում էին հարցեր թե շենքերի ճարտարապետական լուծումների, թե հատկապես կրթության բովանդակության վերաբերյալ։

Մեր ռուսաստանցի ընկերներին հետաքրքիր էր նաև ուսումնական ծրագրերի տարածման քաղաքականությունը՝ արդյոք այն, ինչ փորձարկվում և ներդրվում է «Այբ» դպրոցում, տարածվում է նաև Հայաստանի մյուս ավագ դպրոցներում, թե ոչ։

«Հենց այս նպատակով պետության հետ համատեղ իրականացվում էր Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն էր «Այբ» դպրոցում ներդրված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծագիրը փուլային եղանակով տարածել նաև մյուս դպրոցներում։ Սակայն ծրագիրն այժմ ժամանակավորապես դադարեցված է»,- պարզաբանեցին այբեցիները։

Շրջայցից հետո հյուրերը ներկայացրին իրենց տպավորությունները և հանդիպեցին նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանի և համայնքի գծով տնօրեն Աննա Հակոբյանի հետ։ Մոսկովյան դպրոցների տնօրենները հետաքրքրվում էին, թե ինչպես է «Այբ»-ում ձևավորվում ուսուցչական կոլեկտիվը, ինչ սկզբունքներով է կատարվում ուսուցիչների ընդունելությունը և արդյոք նրանց համար կազմակերպվում են վերապատրաստումներ։ Խոսվեց նաև դպրոցների միջև հետագա համագործակցության, համատեղ դասեր անցկացնելու և այլ միջոցառումների կազմակերպման հնարավորության մասին։

Վստահ ենք, որ սա առաջին քայլն էր դեպի «Այբ» դպրոցի և մոսկովյան մի շարք դպրոցների համագործակցության կայացումը։

Tweets by AybSchool
>