«Այբ» դպրոցը ներկայացվել է Ավստրիայում անցկացված միջազգային համաժողովին

«Այբ» կրթական հիմնադրամի երկու նախաձեռնությունները՝ «Այբ» դպրոցը և Արարատյան բակալավրիատը, ներկայացվել են Ավստրիայում անցկացված Միջազգային դպրոցների խորհրդի (Council of International Schools, CIS) ամենամյա համաժողովին։

Նոյեմբերի 8-9-ը «Այբ» դպրոցի աշակերտների մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը մասնակցեց Միջազգային դպրոցների խորհրդի ամենամյա համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Միջազգային դպրոցների խորհուրդն անդամակցային համայնք է, որի տեսլականը նպաստելն է համաշխարհային քաղաքացիների ձևավորմանը՝ որակյալ կրթություն տրամադրելու միջոցով։

Այս տարի համաժողովը ներառեց աշխարհի 80 երկրից 800-ից ավելի դպրոց ու համալսարան՝ դառնալով ամենամեծն իր պատմության մեջ։ Մասնակից երկրների շարքում էին Շվեյցարիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և այլն։

«Համաժողովն անմիջական համագործակցության հնարավորություն է ստեղծում համալսարանների և դպրոցների միջև, խթանում ճանաչման ու ճանաչելիության գործընթացը, նպաստում աշխարհի լավագույն համալսարանների ու դպրոցների հետ կապերի ստեղծմանը»,- ասում է Ռուզաննա Մայիլյանը։

Երկօրյա համաժողովի ծրագիրը բաղկացած էր ավելի քան 40 հանդիպում-դասընթացից, որոնք վերաբերում էին համալսարանների ընդունելությանն ու մասնագիտական խորհրդատվությանը։ Համաժողովի շրջանակում նաև կազմակերպվել էր համալսարանների և դպրոցների տոնավաճառ։ Ռուզաննա Մայիլյանը մասնակցել է դպրոցների տոնավաճառին՝ ներկայացնելով «Այբ» կրթական հիմնադրամի երկու կրթական նախաձեռնությունները՝ «Այբ» դպրոցը և Հայաստանում մշակված ու միջազգայնորեն ճանաչված «Արարատյան բակալավրիատ» կրթական (ավագ դպրոցի) ծրագիրը, որը դասավանդվում է «Այբ» դպրոցում։

Ռուզաննա Մայիլյանի խոսքով՝ Հայաստանը համաժողովին առաջին անգամ մասնակցել է անցած տարի՝ 2017 թվականին (անցկացվել է Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքում), և այդ մասնակցությունը թե՛ նպաստել է «Այբ» դպրոցի մասին միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը, թե՛ ավելի ճանաչելի դարձրել «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը միջազգային հարթակում և թե՛ նպաստել հեղինակավոր համալսարանների կողմից այդ ծրագրի ճանաչմանն ու ընդունմանը։

«Ընդհանուր առմամբ՝ առաջին համաժողովի և դրան հետևած ճանաչման աշխատանքների արդյունքում ծրագիրն ընդունվել և ճանաչվել է 39 համալսարանի, այդ թվում՝ Քեմբրիջի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից։ Վստահ ենք, որ այս տարվա մասնակցությունը ևս շոշափելի արդյունքներ է բերելու»,- նշում է Ռուզաննա Մայիլյանը։

Tweets by AybSchool
>