Նախագծային ուսումնառության «Այբպրես» ակումբը թողարկել է «Այբ» դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդես։ Աշակերտները ստեղծել են տարեգիրք, որը պատմում է «Այբ» դպրոցի 10-ամյա ճանապարհի մասին։
Վերջին երկու ամիսներին ակումբի կատարած աշխատանքների մասին
Նախագծի կատարման վերջին փուլում ակումբի անդամները զբաղված էին արխիվների ուսումնասիրությամբ, հավաքված նյութերի խմբագրությամբ ու ամբողջացմամբ։ Տեսական դասերից հետո՝ երկրորդ կիսամյակում, ակումբի անդամները հոդվածներ գրեցին, հարցազրույցներ վերցրին «Այբ»-ի բարերարներից, հովանավորներից, ուսուցիչներից ու շրջանավարտներից։ Այնուհետև այդ ամենը բերվեց մեկ ոճական տեսքի, տեքստերը համադրվեցին համապատասխան լուսանկարների հետ, ինչին էլ հաջորդեցին խմբագրման ու սրբագրման աշխատանքները։ Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, ակումբի անդամներն իրենց ձեռք բերած դիզայներական հմտություններով որոշեցին, թե ինչպիսին պետք է լինի հոբելյանական հանդեսի արտաքին տեսքը։ Խմբի աշակերտներից երեքը՝ Մերին, Նելլին ու Սեդան, զուգահեռաբար սովորեցին օգտվել «Adobe InDesign» ծրագրից՝ դիտելով տեսադասեր, և ինքնուրույն իրականացրին տարեգրքի էջադրումը։ Արդյունքում հանդեսի ամբողջ աշխատանքը՝ գաղափարի մշակումից, բովանդակությունից, հարցազրույցների կազմակերպումից մինչև լուսանկարների ընտրություն ու էջադրում, կատարվեց թիմի ներքին ուժերի շնորհիվ, ինչպես և ծրագրել էր ակումբը տարվա սկզբին։
Հետաքրքիր ու հատկանշական փաստեր
Ակումբի մեծամասնությունը 11-րդ դասարանցիներ էին, որոնց համար «Այբպրեսը» նախագծային ուսումնառության առաջին փորձն էր։ Բացի դրանից, ակումբն էլ էր նորաստեղծ ու առաջին տարին էր գործում։ Այնուամենայնիվ, ակումբն իր գոյության մեկ տարվա ընթացքում հասցրեց կայանալ ու կարևոր դառնալ աշակերտների համար։ Անգամ քննությունների ամենաթեժ պահին աշակերտները, միևնույն է, ժամանակ էին գտնում ակումբի դասերին մասնակցելու ու տարբեր աշխատանքներով զբաղվելու։ Բոլորիս համար կարևոր էր դարձել, որ մեր սկսած գործը ավարտին հասցնենք ճիշտ ժամկետում։ Միևնույն ժամանակ մենք չէինք մոռանում երբեմն հանգստանալ ու ուղղակի հաճույք ստանալ, քանի որ, ակումբի ղեկավարի խոսքով, նախագծային ուսումնառությունը, բացի պարտադիր լինելուց, պետք է նաև հաճելի ու սիրելի լինի աշակերտների համար։
Նախագծի ներկայացումը
«Այբպրեսի» 10 անդամները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են կատարել նախագծի շրջանակում ու ինչպես են հասել իրենց վերջնարդյունքին։ Վերջնարդյունքը՝ «Այբ» դպրոցի 10 տարվա գործունեության մասին պատմող տարեգիրքը, ակումբի անդամները ժյուրիին ներկայացրին արդեն տպված տեսքով։ Կար տարեգրքի 4 օրինակ, որոնք ժյուրին ու հանդիսատեսը կարող էին ուսումնասիրել և արտահայտել իրենց տեսակետները կատարված աշխատանքի մասին։ Ներկայացման ընթացքում բեմը զարդարում էին նախօրոք պատվիրված, «10» թվանշանի տեսքով փուչիկները, որոնք խորհրդանշում էին «Այբ»-ի 10 տարիների անցած ճանապարհը և ակումբի 10 անդամներին։ Բացի դրանից, ակումբը, լինելով վերջինը ու միջոցառման եզրափակողը, հաճելի անակնկալ էր պատրաստել ներկաների համար՝ «Այբ»-ի շենքի տեսքով տորթ, որը ժյուրին ու աշակերտները համտեսեցին մեծ հաճույքով։
Այսպիսով՝ «Այբպրես» ակումբը թերթեց «Այբ» դպրոցի պատմության մեջ իր առաջին էջը։
Դավիթ Բաղդասարյան, 12-րդ դասարան
Կիսվել