«Այբ» դպրոցը, ի թիվս այլ նախաձեռնությունների, արդեն մի քանի տարի է իրականացնում է «Այբապատում» նախագիծը, որի նպատակն է ՀՀ մարզերի դպրոցների հետ ստեղծել համագործակցության դաշտ, աշակերտներին ընձեռել հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, հետաքրքիր փորձառություն, գիտելիք և հմտություններ ձեռք բերելու։
«Այբապատումը» հիանալի հնարավորություն է տարբեր մարզերի աշակերտներին հաղորդակից դարձնելու «Այբ»-ին ու շատ սիրված է թե այբեցիների, թե գյուղերի դպրոցների երեխաների կողմից։ Նախորդ տարվանից, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, ծրագիրն իրականացվում է առցանց, քանի որ թեև փոխադարձ այցելություններն այլևս անհնար են, որոշում կայացվեց ծրագրից ամբողջապես չհրաժարվել։
Այս տարի ևս առցանց հարթակում «կհյուրընկալվենք» Ներքին Կարմիրաղբյուր ու Ներքին Ծաղկավան գյուղերի դպրոցներում։ Հնարավոր է, որ հյուրընկալող դպրոցների ցանկը համալրվի, ինչի մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
Նշենք, որ նախորդ տարիներին առկա ձևաչափով «Այբապատում» նախագիծն իրականացվել է նաև Արցախում՝ Շուշիի, Վանքի, Քարվաճառի դպրոցներում, և Տավուշի մարզի Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր ու Աչաջուր գյուղերի դպրոցներում։
Կիսվել