Արտյոմ Գրիգորյան. «Բանկային ոլորտը չի փլուզվում»

Նոյեմբերի 15-ին «Այբ» դպրոցում հյուրընկալվել էր «Այբ» ակումբի անդամ Արտյոմ Գրիգորյանը, որն աշակերտների հետ մեծ սիրով զրուցեց բանկային ոլորտի խնդիրների մասին և պատասխանեց նրանց հուզող հարցերին։ Արտյոմ Գրիգորյանը բանկային ոլորտի առաջատար մասնագետներից է։ Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, մասնագիտական կարիերան սկսել 1995 թ.-ին, այնուհետև աշխատել բանկի տարբեր ստորաբաժանումներում։ Այժմ նա Լյուքսեմբուրգի Banque Havilland S. A.-ի գործադիր տնօրենն է։

Ունենալով մեծ կենսափորձ և մասնագիտական լայնածավալ գործունեություն՝ նա խորհուրդներ տվեց, պատմեց հետաքրքիր դրվագներ իր կյանքից, պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին բանկային ոլորտին։ Չնայած որ մեր օրերում կա մի կարծրատիպ, ըստ որի՝ մոտ ապագայում սպասվում է բանկային համակարգի փլուզում, Արտյոմ Գրիգորյանը կոտրեց այն և հավաստիացրեց, որ դեռևս փլուզում չի սպասվում, ինչն ուրախացրեց շատերին, ովքեր հետաքրքրված են բանկային ոլորտով։

«Չմնալ նույն տեղում». սա է բանկային ոլորտում հաջողության հասնելու միջոցն ըստ Արտյոմ Գրիգորյանի։ Իսկ կյանքում հաջողության հասնելու համար նա խորհուրդ տվեց ինքնակրթվել, քանզի դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հաջողություն։

Աշակերտները տպավորված էին հաճելի ու մտերմիկ զրույցից, որը կուղղորդի նրանց հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ժաննա Հայրապետյան

(11-րդ դասարան)

Tweets by AybSchool
>