11-րդ սերնդի ուխտագնացությունը դեպի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որ նշվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտը պարսկական գերությունից ազատելուն։ Այն տաղավար տոն է և քրիստոնյաների համար նորոգվելու խորհուրդ ունի։ Խաչվերացը մեր Եկեղեցում տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը և այս տարի այն տոնվեց սեպտեմբերի 14-ին։ Տոնը և նրա խորհուրդը նշանավորելու նպատակով «Այբ» դպրոցի 11-րդ սերնդի աշակերտներն ուղևորվեցին Ապարան՝ ուխտագնացության։

Ուխտագնացության մեկնարկը Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին կամ Քասախի բազիլիկն էր։ Այս վանքը դեռևս 4-րդ դարից պահպանված և մեզ հասած կոթող է, որը, ըստ տարածված կարծիքի, քրիստոնեական եկեղեցու վերափոխված հեթանոսական տաճար է եղել։ Քասախի բազիլիկը նաև Արշակունիների թագավորական տան աղոթատեղին է եղել։ Այստեղ մասնակցեցինք սուրբ պատարագին։ Այցը Ապարանի Սուրբ Խաչ մեկ անգամ ևս ամրապնդեց մեր կապը հոգևորի և մեր ինքնության հետ։ Բացի դրանից, անչափ ուշագրավ և հետաքրքիր էր նաև եկեղեցու ճարտարապետությունը․ համաչափ կառույցը, յուրօրինակ պատուհանները և բազում այլ մանրամասներ մեծացնում են վանքի գեղագիտական արժեքը և այդ քարե կառույցը դարձնում ջերմ ու խաղաղ տարածություն։ Քասախի բազիլիկը, կարծում եմ, ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության գոհարներից է։

Ուխտագնացությունը շարունակվեց Դրոյի գերեզման և Բաշ Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիր այցելությամբ։ Այստեղ պարեցինք ազգային պարեր, որոնք բազմապատկեցին մեր ոգևորությունը։ Ապա այցելեցինք Ապարանի ջրամբար, որով էլ ավարտեցինք ուխտագնացությունը։

Այս ուղևորությունը մեծ նշանակություն ունեցավ մեզ համար։ Ի վերջո, ոչ միայն միասին ճամփորդեցինք, այլև ծանոթացանք Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու պատմությանը։ Ուխտագնացությունը հնարավորություն տվեց վերագտնելու և վերարժևորելու մեզ որպես անհատ, որպես քրիստոնյա։

Նինա Պռազյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>