«Այբ» ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հավաքվել էին, որ ծանոթանան 11-րդ սերնդի 10 նախագծերին, որոնք սկիզբ էին առել դեռ նախորդ ուսումնական տարում: Նախագծերը միտված էին բարելավելու դպրոցի միջավայրը և լուծելու որոշ խնդիրներ, որոնք նկատվել էին աշակերտների կողմից ուսումնառության ընթացքում: Այժմ մանրամասն կծանոթանանք թիմերից յուրաքանչյուրին:
Մոտիվացիոն թիմ
Այս թիմի հիմնական նպատակն էր մեծացնել աշակերտների մոտիվացիան: Նախորդ ուսումնական տարում նրանք ստեղծեցին մոտիվացիոն արկղիկ, կազմակերպեցին զանազան ֆլեշմոբներ (օր.՝ no backpack day, դեղինի օր և այլն): Այս տարի թիմը կշարունակի իր գործունեությունը որպես հասարակական թիմ:
Ակադեմիական փոխօգնության թիմ
Այն նպատակ ուներ բարելավելու աշակերտների առաջադիմությունը՝ օգնություն տրամադրելով նրանց, ովքեր կդիմեին այս թիմի անդամներին: Աշակերտներին օգնելու միջոցով կանխվելու էին նաև գրագողության դեպքերը: Կարելի է արձանագրել, որ թիմը հասավ իր նպատակին և նախորդ տարվա ընթացքում օգնություն տրամադրեց 17 աշակերտի:
TED-TALK թիմ
Թիմը նախատեսում էր ելույթներ կազմակերպել տարբեր թեմաների մասին TED-ի բանախոսությունների ոճով: Համագործակցելով մաքրության թիմի հետ՝ TED-TALK թիմը նկարահանեց տեղեկատվական հոլովակ դպրոցի միջավայրի մաքրության վերաբերյալ:
Համայնքի միավորման (Community Uniting) թիմ
Ինչպես արդեն գլխի ընկաք անվանումից, թիմի գլխավոր նպատակը դպրոցում սովորողներին, մասնավորապես միջին և ավագ դպրոցի աշակերտներին, միավորելն էր: Անհրաժեշտ էր շփվել միջին դպրոցի աշակերտների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին և իհարկե լուծումներ ու խորհուրդներ տալ ավագ դպրոց ընդունվելու վերաբերյալ: Այդ նպատակով կազմակերպվեց թեյախմություն 9-րդ դասարանի աշակերտների հետ, ովքեր արդեն համալրում են 10-րդ դասարանցիների շարքերը:
Ռադիո թիմ
Ռադիոն դարձել էր դպրոցի առօրյայի հիմնական մասերից մեկը: Շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, թիմն իրազեկում էր կարևոր հանդիպումների մասին, հետաքրքիր տեղեկություններ տալիս շաբաթվա կամ օրվա մասին, իսկ շաբաթվա վերջում ամփոփում այն՝ ներկայացնելով աշակերտների գրանցած հաջողությունները:
Աշխատակիցների աշխատանքի արժևորման թիմ
Այս թիմը նպատակ ուներ ձևավորելու աշխատակիցների աշխատանքի արժևորման մշակույթ: Այդ նպատակով որոշվել էր կազմակերպել մի միջոցառում, որի ընթացքում աշակերտներն ու աշխատակիցները կհամագործակցեն միմյանց հետ, որպեսզի ներկայացնեն իրենց բաժին ընկած երկրի մշակույթն ու կրթական համակարգը։ Միջոցառումն իրականացավ և ջերմորեն ընդունվեց բոլորի կողմից։ Այն այսուհետ տեղի կունենա ամեն տարի:
Ուսուցիչ-աշակերտ կապ
Թիմի նպատակն էր ծանոթանալ ուսուցիչների ամենօրյա խնդիրներին և հասկանալ, թե ինչպես կարող են օգնել նրանց: Հետազոտությունների արդյունքում աշակերտները կարողացան տեսնել, թե ինչպիսի աշխատանք է կատարում ուսուցիչը մինչ դասարան մտնելը: Անշուշտ, նրանք սկսեցին ավելի շատ գնահատել ուսուցիչների աշխատանքը:
Բանավեճի թիմ
Թիմի նպատակն է բանավեճեր կազմակերպել, որոնք կարծարծեն աշակերտներին հուզող խնդիրներն ու թեմաները և միաժամանակ կբարելավեն բանավիճելու հմտությունները: Թիմը կսկսի գործել այս տարվանից:
Ճաշարանի թիմ
Ճաշը մեր օրվա կարևոր մասերից մեկն է, սակայն ճաշարանում առկա որոշ խնդիրներ չէին թողնում, որ այն անցներ ինչպես հարկն է: Այս խնդիրները լուծելու նպատակով թիմն առաջ քաշեց 3 հերթապահների նախագիծը: Առաջին հերթապահը հսկում էր, որ ոչ ոք չխախտեր ճաշարանի հերթը: Երկրորդը հետևում էր, որ սեղանները զբաղեցված չլինեին: Երրորդը պարբերաբար բերում էր ճաշի սկուտեղները:
Միջավայրի մաքրության թիմ
Այս թիմը ջանում էր, որ դպրոցի մաքրության նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձվեր: Թիմի անդամները պատրաստեցին տեղեկատվական տեսանյութեր դպրոցում առկա խնդիրների մասին: Նաև սահմանեցին ավագ դպրոցում հերթապահություն, որի նպատակն էր դասարաններում մաքրության պահպանումը:
Ահա այսպիսի հրաշալի գաղափարներ են իրականացրել 11-րդ սերնդի աշակերտները: Լիահույս ենք, որ նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գործունեությունն այս ուսումնական տարում:
Սյուզաննա Խալաթյան, 11-րդ դասարան
Կիսվել