Աշխարհի 10 լավագույն բուհերից ևս երկուսը փաստել են Արարատյան բակալավրիատի որակը

Աշխարհի 10 լավագույն բուհերից ևս երկուսը՝ Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի համալսարանական քոլեջն ավելացրել են Արարատյան բակալավրիատն իրենց կողմից ընդունելի այն դպրոցական որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բակալավրի աստիճանի համար առանց հավելյալ նախապատրաստական տարվա։

Քեմբրիջի համալսարանի կայքում նշված է, որ «միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատը չի համարվում բավարար պայման բուհ ընդունելության մրցունակ հայտի համար և խորհուրդ է տալիս հավելյալ մեկ տարի Հայաստանում ստանալ բակալավրական կրթություն»։ Նույնատիպ նշում է կատարված նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքում։

«Երկարատև աշխատանքի արդյունքում Արարատյան բակալավրիատն այսօր ճանաչված է 9 երկրի 36 համալսարանի կողմից»,- փաստում է Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը՝ ավելացնելով, որ աշակերտներն իրենց ԱԲ-ի քննությունների արդյունքներով բավականին մրցունակ են այդ բուհեր դիմելու և ընդունվելու համար։

 

«Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասին

Արարատյան բակալավրիատը (ԱԲ) առաջին հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիրն է, որ ստեղծվել է Հայաստանում, հայ մասնագետների կողմից։ Այն կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ և Սփյուռքի հայ աշակերտներին և կրթելու հայ քաղաքացիներ՝ զինված 21-րդ դարի հմտություններով և պատրաստ ստանձնելու պատասխանատվություն Հայաստանի ապագայի հանդեպ։

Աշակերտների ուսումնառությունն «Արարատյան բակալավրիատ» ծրագրով անվճար է բոլոր աշակերտների համար (աշակերտների ներգրավումը կատարվում է 10-րդ դասարանից՝ քննությունների հիման վրա)։ Ուսումնառությունն իրականացվում է հայերենով։

Ծրագիրն ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ծրագրի ներդրումը ՀՀ և Արցախոււմ կատարվում է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։ Վերջինս իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ բրիտանական երկու հեղինակավոր կրթական հաստատությունների հետ համագործակցությամբ՝ Քեմբրիջի համալսարանի գնահատման կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE)։

Արարատյան բակալավրիատի տարածումը մեկնարկելու է ՀՀ մարզային և Արցախի՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներից։ Ներկայումս ծրագրի թեկնածության փուլում է գտնվում 22 դպրոցը՝ 21-ը՝ ՀՀ մարզերից, և 1-ը՝ Ստեփանակերտից։

Tweets by AybSchool
>