«Մի կտոր Երևան»․ Նոր հայացք հնագույն մայրաքաղաքին

Հուլիսի 7-ի երեկոյան «Գուռու» ակումբ-այգում տեղի ունեցավ «Մի կտոր Երևան» նախագծի շնորհանդեսը, որ կազմակերպել էին «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտները։

Նախագծի նպատակն է բացահայտել Երևանի քաղաքային միջավայրն ամբողջացնող, սակայն անտարբերության մատնված շինությունները, ծանոթանալ Երևանին ոչ թե լուսանկարների, այլ ձեռքով արված ճեպանկարների միջոցով, վերարժևորել և պահպանել քաղաքային կառույցները։

Միջոցառման հատուկ հյուրերն էին Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ճարտարապետ, «Դ`արվեստանոց» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Արսեն Կարապետյանը և ճարտարապետ, «Urbanlab» անկախ հետազոտական կազմակերպության տնօրեն Սարհատ Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հին շինությունների պահպանման հարցը, հնչեցին տեսակետներ՝ ինչպես մեր հին արժեքների պահմանմանը կողմ, այնպես էլ՝ դեմ, ինչպես նաև ծավալվեց քննարկում-հարցուպատասխան լսարանի հետ։

«Գուցե համաձայն չլինեք իմ ասածի հետ, բայց հին Երևան գոյություն չունի, այն չձևավորվեց և չդարձավ հին քաղաք այն իմաստով, ինչպես կարելի է ասել Հին Պրահայի, Հին Պետերբուրգի, Տալլինի մասին: Կամ եթե ձևավորվել է, ապա դա 1920-40-ականների Երևանն է: Ւսկ պահպանելու հարցը կախված է նրանից, թե ինչ պայմաններում, ինչ մթնոլորտում է ձևավորվել այդ ճարտարապետությունը»,- ասաց Մարկ Գրիգորյանը:

Քննարկման մյուս մասնակից Սարհատ Պետրոսյանը հակադարձեց այս մտքին՝ նշելով. «Եթե նույնիսկ չունենք էլ այն Երևանը, որ համեմատենք Պրահայի և մյուս քաղաքների հետ, պետք է պահպանենք այն, ինչ ունենք: Այդպես մենք չպահպանեցինք հրապարակից օպերայի շենք ընկած թաղամասը ու հիմա այդ տեղում Հյուսիսային պողոտան է: Այո, պետք է պահպանել, քանի որ պահպանված կառույցները ավելացված արժեք են հաղորդում քաղաքին: Մենք չկարողացանք պահպանել մեր քաղաքի հին արժեքները»:

Անդրադառնալով ամեն ինչ պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը հավելեց․«Պետք է ընդհանուր ճարտարապետական տեսք ստանա քաղաքը, ոչ թե կառույցները առանձին կղզյակների տեսքով գոյություն ունենան: Նույն կերպ չկա Երևանի ընդհանուր մթնոլորտ, բայց կան տարբեր մթնոլորտներ, որտեղ մարդիկ իրենց հարմարավետ են զգում»:

«Երևանում որոշ կղզյակներ կան, որ չեն արժևորվել ժամանակի ընթացքում ոչ թե արժանիք չունենալու պատճառով, այլ այն պատճառով, որ թերագնահատել են, ինչպես Կոնդը, «Ֆիրդուսի շուկա» կոչված հատվածը»,- իր հերթին նշեց քննարկման մյուս մասնակիցը՝ Արսեն Կարապետյանը:

Միջոցառման վերջում ցուցադրվեց «Մի կտոր երևանցին» անիմացիոն ֆիլմը, որը պատրաստված է աշակերտների կատարած ճեպանկարների հիման վրա։

Tweets by AybSchool
>